ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հերքել է մամուլում շրջանառվող այն լուրը, թե իրեն քաղաքական առաջարկ է արվել մի կուսակցության կողմից։
Նշենք, որ «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ Թաթոյանին ամեն գնով ուզում է իր կողմը գրավել «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ ասում են, որ ցանկանում է խորհրդարանական հաջորդ ընտրություններին Թաթոյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու։
««Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,–ասված է Թաթոյանի հայտարարության մեջ։
Նշվում է, որ պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ։
Ի դեպ, ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին: