ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական ուժերը ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարում են, բայց դրանք կանխվում են:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` անդրադառնալով ՄԻՊ-ի ահազանգին, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կատարում են ինժեներական ակտիվ աշխատանքներ:
Արման Սարգսյանն նշեց, որ ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ փորձեր չեն կատարվում:
«Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են, որ այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ որոշակի առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,-ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ–ը հոկտեմբերի 18-ին գրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:
ՊՆ–ն հոկտեմբերի 19-ին արձագանքել էր Թաթոյանի գրառմանը` վստահեցնելով, որ ՄԻՊ–ի պնդումներն ակնհայտորեն ուռճացված են։
Հոկտեմբերի 22-ին դեռևս շարունակվում էր ՊՆ–ՄԻՊ «հակամարտությունը». ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ խոսել է ՀՀ ՄԻՊ–ի հետ, հետաքրքրվել` Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, ինչին ի պատասխան Թաթոյանն ասել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ։
Արման Թաթոյանը պաշտպանության նախարարին պատասխանեց Facebook–ում` նշելով, որ պաշտպանության նախարարն աղավաղել է իրենց խոսակցությունը, իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ չի փոխվել, և ինքը թեման փակված է համարում։