ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Համայնքների ավագանու նիստերին ավելի քան կեսից բացակայելու դեպքում անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն՝ օրենքի ուժով, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ: Օրենքի նախագծի այս փաթեթն այսօր խորհրդարանին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
«Բոլոր բնակավայրերը, որոնք դարձել են համայնք, պետք է ունենան վարչական ղեկավարներ։ 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ, այն անհրաժեշտությունը չկա»,– ասաց Տերտերյանը։
Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ համայնքներում փորձել են բարձրագույն կրթություն ունեցող մասնագետ գտնել, որն օրինակ կցանկանար լինել համայնքի աշխատակազմի քարտուղար` չեն կարողացել։ Նա հավաստիացնում է, որ խոսքը 3000-4000 բնակիչ ունեցող համայնքների մասին է։
Համաձայն նախագծի` բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալը կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելը պետք է որոշվի համայնքի ավագանու կողմից։
Տերտերյանը շեշտեց, որ ՀՀ–ում մինչև 500 բնակիչ ունեցող 64 համայնք կա, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող` 135։
Նախագծով նախատեսվում է, որ անհարգելի պատճառով ավագանու նիստերի կամ քվեարկությունների, կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեն օրենքի ուժով։
«Մենք ՏԻՄ օրենքում ամրագրել ենք, որ համայնքն իր պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Երկրորդ փոփոխությամբ առաջարկում ենք, որ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնային եղանակով տրամադրվի»,– ասաց Տերտերյանը:
Առաջարկվում է նաև նոր կետով լրացնել համայնքի ավագանու լիազորությունները սահմանող հոդվածը, որով համայնքի ավագանին կհաստատի նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը: Նախագծով առաջարկվում է նաև, որ ավագանին կորոշի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը:
Հավելենք, որ Հայաստանի տարբեր համայնքների խոշորացման արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: