ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի հաշվով ամսական 25 հազար 700 դրամը սահմանել 28 հազար դրամ։
Թե ինչ փոփոխություններ կլինեն առաջիկայում Երևանում սահմանվող տեղական վճարների տեսակների և դրույքաչափերի մեջ, Sputnik Արմենիան պարզել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանից։
Պարզվում է` քաղաքապետարանն անփոփոխ կթողնի տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝ բացառությամբ Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայության վճարների։
Կուբատյանը պարզաբանում է, որ փոփոխությունն առաջարկվել է, որպեսզի երեխաների սննդի որակը չտուժի, քանզի պարենային ապրանքները թանկացել են և հավելում, որ դա ծնողների ֆինանսական վիճակի վրա չի ազդի։
«Քանի որ ծնողները Երևանի մանկապարտեզների համար գումար չեն վճարում, նրանց վրա որևէ կերպ թանկացումը չի անդրադառնա։ Այդ ամբողջ բեռը մնում է քաղաքապետարանի և համայնքի վրա։ Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններն իրականացնել, որպեսզի երեխաներին տրվող սննդի որակն ու տարատեսակները չտուժեն»,-ասաց Կուբատյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի երեխաներն անվճար կարողանան Երևանի մանկապարտեզներ հաճախել, համայնքը տարեկան շուրջ 10 մլրդ դրամ է ծախսում։
Ինչ վերաբերում է համայնքային թատրոններին, թանգարաններին և պատկերասրահներին, ապա դրանց մուտքի համար սահմանված վճարների մասով հստակ որոշում դեռ չկա։
Նշենք, որ օրերս մամուլը գրել էր, որ համայնքային թատրոնների, թանգարանների և պատկերասրահների մուտքի համար սահմանված վճարները ևս կբարձրանան։
Կուբատյանի խոսքով՝ այս հարցերը Երևանի ավագանին մոտակա ժամանակներում ավելի մանրամասն կքննարկի և համապատասխան որոշում կկայացնի։ Այժմ սա միայն նախագիծ է։