ՌԱԴԻՈ

ՔԿՀ-ում սրտաբան, շաքարային դիաբետի մասնագետներ չկան. Չարչյանի վիճակը կարող է վատանալ

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է պրոֆեսորին առողջական վիճակի և ՔԿՀ-ի հիվանդանոցի պայմանների մասին։
Sputnik
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր։ Պրոֆեսորն օրական ավելի քան 100 միավոր ինսուլին է ստանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը շարունակում է պնդել, որ իր վստահորդի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, քանի որ քրեակատարողական հիմնարկում ո՛չսրտաբան, ո՛չ էլ շաքարային դիաբետի մասնագետներ չկան, ինսուլինն էլ պրոֆեսորին հասնում է սեփական միջոցների հաշվին։ ՔԿՀ-ն անհրաժեշտ քանակությամբ ինսուլին չի կարողանում ապահովել։
«Մեծ է հավանականությունը, որ նման պայմաններում Չարչյանի առողջական վիճակն էլ ավելի կարող է վատանալ, և կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ, որի ամբողջ պատասխանատվությունն առաջնահերթ կրելու է առողջապահության նախարարությունը»,- ասաց նա։
Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել. Ավանեսյան
Իսկ նախարարին Արմեն Չարչյանի պաշտպանական թիմը դեռևս մեկ ամիս առաջ է դիմել` համապատասխան հանձնաժողով ստեղծելու և կալանքի հետ Չարչյանի առողջական վիճակի անհամատեղելիության վերաբերյալ փորձաքննություն անցկացնելու պահանջով։
«Ուղիղ մեկ ամիս է` եզրակացություն չունենք, մենք անգամ չունենք ստեղծված հանձնաժողով, որը պետք է այդ փորձաքննությունը կատարի։ Սա նոնսենս է իրականում։ Այն անգործությունը, որը ցուցաբերում է նախարարն ուղղակի նման է իրավական նիհիլիզմի։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ օրվա իշխանություններն ուզում են Չարչյանին հնարավորինս երկար պահել բանտում»,- նշեց Ալեքսանյանը։
Չարչյանի առողջական վիճակի համար պատասխանատու է առողջապահության նախարարը. Վարդևանյան
Դատապաշտպանն ասում է` չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Թե՛ հրապարակային հայտարարություններով, թե՛ համապատասխան գրություններով առողջապահության նախարարին հիշեցնելու են իր պարտականությունների մասին այնքան ժամանակ, քանի դեռ սայլը տեղից չի շարժվել։
Նշենք, որ Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 22-ին։