ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակության ապրանքների գների իջեցման բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, որոնք էական ազդեցություն են գործում երկրում առկա գնագոյացման գործընթացի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Իմ տեղակալներից մեկն այս օրերին բանակցություններ է վարում ռուս և ուկրաինացի գործընկերների հետ, որպեսզի մենք կարողանանք նորմալ գներով ներկրել այնպիսի հիմնական ապրանքներ, ինչպիսիք են ցորենը, եգիպտացորենը, սոյան»,– ասաց նախարարը։
Նրա ենթադրությամբ` բանակցություններում հաջողության հասնելու դեպքում դրական արդյունքները շոշափելի կլինեն մինչև ընթացիկ տարվա վերջը։
Հայաստանում վերջին ամիսներին նկատվում է բավականին բարձր ինֆլյացիա, որը կազմում է 9 տոկոս։ Պարենային ապրանքների գնաճի միջին ցուցանիշը կազմում է 15 տոկոս, հատկապես թանկացել են գյուղմթերքները։ Կառավարությունն այս կապակցությամբ ունի իր բացատրությունը։
Քերոբյանի խոսքով` օրինակ կարտոֆիլի գնի աճը կապված է Ռուսաստանում առկա դեֆիցիտի հետ, որն իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են լրացնել հայ արտահանողները, ինչն էլ իր հերթին ներքին շուկայում բերում է գների տատանման։
«Այդ իրողություններին պետք է նայել նաև մեր ֆերմերների շահերի տեսանկյունից։ Չէ՞ որ նրանք նույնպես պետք է եկամուտ ստանան։ Նրանց համար լինում են ոչ բերքաբեր, անբարենպաստ տարիներ, բայց հիմա, երբ կա այդ ամենն ինչ–որ կերպ կոմպենսացնելու հնարավորություն կա, թող արտահանեն, ինչու ոչ։ Կարծում եմ` մեր կողմից արդար չի լինի գյուղացիների նկատմամբ կիրառել որոշակի սահմանափակումներ։ Բայց եթե ինչ-որ պահի նկատվի կարտոֆիլի դեֆիցիտ, ապա Հայաստանը կարող է ներկրել Իրանից։ Սակայն այս պահի դրությամբ իրավիճակը վերահսկելի է»,– ասաց նախարարը։
Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր գնաճին, ապա այն կրում է գլոբալ բնույթ։ Քերոբայանը հիշեցրեց, որ համավարակի ընթացքում կտրվեցին բոլոր առևտրային կապերը, հիմնարկությունները փակվեցին, առաջացան լոգիստիկ դժվարություններ, այժմ այդ ամենի վերականգնումը պահանջում է մեծ ջանքեր։ Հենց այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում նկատվում է գների աճ։