ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Հայտնել էինք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի հարցով հանդիպման էր հրավիրել։
«Մենք Փաշինյանի հրավերով այս պահին կարող ենք քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը։ Մնացած բոլոր դեպքերի համար կառավարությունն ու երկրի ղեկավարը հաշվետու է ԱԺ–ին` կհրավիրվեն քննիչ հանձնաժողովների կամ այլ ձևաչափերի շրջանակներում ԱԺ և կզեկուցեն` այդ հարցերի շուրջ ինչ իրավիճակ է»,–ասաց Մամիջանյանը։
Նշենք, որ Մամիջանյանի խոսքից հետո իշխանական պատգամավորները սկսեցին տեղից դժգոհել, իսկ Մամիջանյանը հրաժարվեց նման մթնոլորտում որևէ հարց ուղղել կառավարության անդամներին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը երաշխավորել էր` ընդդիմադիրների հետ դռնփակ հանդիպմանը լրիվ ուրիշ խոսակցություն կգնա։