ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը: Տեղեկությւոնը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի քանի ահաբեկիչ ներխուժել էին Հայաստանի խորհրդարանի շենք և գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Ահաբեկիչների դատավարությունը սկսվել է 2001 թվականի փետրվարին և տևել մինչև 2003 թվականի դեկտեմբերը: Ցմահ ազատազրկման է դատապարտվել 6 ահաբեկիչ, այդ թվում՝ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ 2019 թվականի վերջին վերսկսվել է ահաբեկչության հնարավոր կազմակերպիչների և հովանավորների մասով հետաքննությունը։