ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Այսօր բացվել է Արցախի առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Մարտունիում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
Արցախում ծրագիրը մեկնարկել էր Հադրութի շրջանից, որտեղ նման բաժանմունքի բացումը եղել էր պատերազմից առաջ` 2020 թվականի հունիսի 12-ին։
Մարտունիում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
Մարտունու անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով: Բաժանմունքի նպատակն է Մարտունու շրջանի բնակչությանը որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը նշել է, որ կոմիտեն երկար տարիների փորձ ունի անհետաձգելի բուժօգնության ոլորտում և պատրաստակամություն է հայտնել անձնակազմի համար կազմակերպել «Անհետաձգելի բժշկական օգնության հիմունքներ» թեմայով դասընթաց:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 22-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումը նույնպես ունեցավ նման բաժանմունք: