ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավորներն այսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար ընտրեցին Արտակ Մանուկյանին։
Գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։
«Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Պատգամավորներից 65–ը կողմ է քվեարկել, իսկ 20–ը` դեմ»,– նշեց Բաբայանը։
Մանուկյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունը հաստատելու համար և ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ գործով է արժանի լինում իր անձի շուրջ ստեղծված կերպարին։
«Կփորձեմ այդ բարձր նշաձողը պահել և հավուր պատշաճի տանել այդ բեռը»,– ասաց ԿԲ խորհրդի նորընտիր անդամը։
ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար Արտակ Մանուկյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։
Հանձնաժողովին Մանուկյանի թեկնածությունն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հիշեցնենք, որ յոթերորդ գումարման խորհրդարանում Մանուկյանը պատգամավոր էր Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքից, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։