«Հերիք եղավ, բոլ եղավ». Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի թեմայով հանդիպման հրավիրեց

Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է` ընդդիմադիրների հետ դռնփակ հանդիպմանը բոլորովին այլ խոսակցություն կգնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի հարցով հանդիպման հրավիրեց։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, դիմելով ընդդիմադիրներին, իր զարմանքը հայտնեց, որ Արցախի սուբյեկտայնության մասին հենց «Հայաստան» դաշինքն է խոսում։

«Կներեք, բայց դուք եք Արցախին բանակցային սեղանից դուրս թողել 1998-ին, ինչը միջազգայնորեն արձանագրված փաստ է։ Ինչո՞ւ էր ձեր խմբակցությունը 2010-ին կողմ քվեարկում «ՀՀ վարչատարչածքային բաժանման մասին» օրենքին, որտեղ գրված է` Փելա սարի կողքով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։ Հերիք եղավ, բոլ եղավ»,–ասաց Փաշինյանը։

Սրան ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավորներն իրենց հակափաստարկներն էին ներկայացնում, որոնք, սակայն, լավ չէին լսվում։ Այդ ընթացքում Արմեն Ռուստամյանն արձագանքեց, թե դրա համար են ասում` նստեն, խոսեն։ Սրան ի պատասխան Փաշինյանը նշեց, թե ընդդիմադիրներին հրավիրում է հանդիպման։
«Հաճույքով նստենք, խոսենք»,–ասաց Փաշինյանը։
Ե՞րբ է զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք. պատասխանում է Փաշինյանը
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, թե երաշխավորում է` ընդդիմադիրների հետ դռնփակ հանդիպմանը լրիվ ուրիշ խոսակցություն կգնա։
Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը գուցե համաձայնեցված որևէ տեքստ հրապարակվի. Միրզոյան