ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում հոկտեմբերի 31-ը պատվաստումների օր է հայտարարված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը։ Այն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
Նշվում է, որ միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:
Նշենք, որ հոկտեմբերի 24–ին էլ նմանօրինակ ակցիա անցկացվեց Երևաում։ Ողջ օրվա ընթացքում Ազատության հրապարակում երեք շարժական կետ աշխատեց, կորոնավիրուսի դեմ պատվաստվեց ավելի քան 800 քաղաքացի։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677032 պատվաստում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2074-ով և դարձել 300143: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ։