Ավտոճանապարհները նույնպես պետք է բացվեն. Փաշինյանը` ապաշրջափակման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ճանապարհների փոխադարձ բացումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը, կտա որոշակի երաշխիքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ «միջանցքային» տրամաբանությունն ու դրա վերաբերյալ խոսակցությունները խորացնում են տարածաշրջանում թշնամական ու լարված մթնոլորտը։
«Կարծում եմ, որ մենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության 9-րդ կետով հստակ արձանագրել ենք, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորային հաղորդակցությունները պետք է բացվեն։ Մենք պաշտպանում ենք այդ տեսակետը»,– նշեց վարչապետը։
Նշենք, որ Ադրբեջանը մշտապես խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։ Երևանը հայտարարում է, որ խոսքը տարածաշրջանում բոլոր տրանսպորտային ուղիների փոխադարձ բացման մասին է։

«Սա նշանակում է, որ երկաթուղիները, որոնք ժամանակին եղել են, որոշակի հերթականությամբ պետք է սկսեն կրկին գործել ու մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար։ Ավտոճանապարհները նույնպես պետք է բացվեն։ Կարծում եմ, որ ինչ–որ տեղ դա անվտանգության կոմպոնենտ է»,– ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման խնդրին Երևանն ըմբռնումով է մոտենում։ Նա հավելեց, որ այժմ քննարկվում է ապագա բեռնափոխադրումների երթուղիների հարցը։
Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել. Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
«Հերիք եղավ, բոլ եղավ». Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի թեմայով հանդիպման հրավիրեց