ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում մասնակցել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողովի բացման արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:
«Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմեդ բին Սալմանի հետ ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը։ Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:
Նշենք, որ ՀՀ նախագահը հոկտեմբերի 26-ին աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։