ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել։ ՀՀ ԱԺ–ում պառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ դատարանի նամակին չեն պատասխանել։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր` դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։
«Ըստ ընթացակարգի` ներկայացրել է հանձնաժողովի անդամների ամբողջական կազմը, և մենք շարժվել ենք` ինչպես կարգն է։ Այդ հանձնաժողովը կիրականացնի Չարչյանի առողջական վիճակի ամբողջական փորձաքննությունը»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` Չարչյանին բժշկական օգնություն ժամանակին և պատշաճ կերպով ամբողջ ընթացքում մատուցվել է։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։