ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ապաշրջափակումը չի նշանակում, որ ՀՀ–ի համար ոչ ցանկալի պետությունից կապիտալը կգա ու կսկսի կլանել հայաստանյան բիզնեսը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով` ապաշրջափակում` չի նշանակում կապիտալի շարժի ապաշրջափակում։
«Այդ թեման որևէ կապ չունի կոմունիկացիների կամ տնտեսության ապաշրջափակման հետ։ Ես վստահ եմ, որ այսօրվա աշխարհում կապիտալի շարժի ճանապարհը ոչ թե ավտոճանապարհն է կամ երկաթգիծը, այլ կապիտալի շուկան»,–ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ, իհարկե, կան ռիսկեր, որոնք պետք է զսպել։ Գրիգորյանը հիշեցրեց` ՀՀ–ն սահմանափակում է դրել թուրքական ապրանքների վրա։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել էին եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի շրջանակներում։ Կողմերը պայմանավորվել էին մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Ստեղծվել են հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով, փոխադրումների ապահովման հարցերով (ներառյալ անվտանգությունը), սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլն: