Ալեն Սիմոնյանը չբացառեց «Մեղրիի տարբերակի» և ԱԺ–ում 22 տարի առաջ ահաբեկչության կապը

Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
ԱԺ նախագահի կարծիքով` հոկտեմբերի 27-ի ողբերգությունը դարձավ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայում ստեղծված իրավիճակի սկիզբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում տեղի ունեցած ահաբեկչությունը կապ ունի Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» քննարկումների հետ։
Այս մասին նա ասաց խորհրդարանի բակում ծաղիկներ խոնարհելուց հետո, լրագրողների հետ զրույցում։
«Ես դա չեմ բացառում (ահաբեկչության կապը «Մեղրիի տարբերակի» հետ - խմբ.)։ Ես չեմ բացառում, որ պատերազմից հետո ստեղծված այսօրվա իրավիճակը սկսվեց հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Եթե չլիներ հոկտեմբերի 27–ի ողբերգությունը, ապա մենք չէինք գա այս իրավիճակին»,- նշեց Սիմոնյանը։
«Հիմա անուններ չեմ հնչեցնի». Ալեն Սիմոնյանը` հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի հանցագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում, և դրանում ոչ ոք չպետք է կասկած ունենա։ ԱԺ նախագահի կարծիքով` հանցագործությունը կոտրեց հայոց պետականության ողնաշարը, և այդ թափանիվը պտտվում է մինչ օրս։ Սիմոնյանն ընդգծեց, որ այն պետք է կանգնեցնել։
Անդրադառնալով ընդդիմության այսօրվա մասին հայտարարություններին՝ ԱԺ նախագահը խորհուրդ տվեց նրանց լռել, թեկուզ այն պատճառով, որ հանցագործությունը կատարվել է հենց իրենց իշխանության օրոք։

«Հանրությունը և մենք կարող ենք շատ հարցեր ունենալ։ Օրինակ՝ ինչու ահաբեկչության օրը Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը (այն ժամանակ Սերժ Սարգսյանը – խմբ.) խորհրդարանում չէր։ Կարելի է հարցերի երկար շղթա ներկայացնել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի քանի ահաբեկիչ ներխուժել էին Հայաստանի խորհրդարանի շենք և գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակը
Ահաբեկիչների դատավարությունը սկսվել է 2001 թվականի փետրվարին և տևել մինչև 2003 թվականի դեկտեմբերը: Ցմահ ազատազրկման է դատապարտվել 6 ահաբեկիչ, այդ թվում՝ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ 2019 թվականի վերջին վերսկսվել է ահաբեկչության հնարավոր կազմակերպիչների և հովանավորների մասով հետաքննությունը։