ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Անթալիայի դատարանը կալանքից ազատ է արձակել Ռուսաստանի 7 քաղաքացու, որոնք ձերբակալվել էին անտառը հրկիզելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի ռուսական ստորաբաժանման փոխնախագահ Իվան Մելնիկովին։
«Անթալիայի քաղաքային դատարանում բողոքը բավարարվել է։ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է։ Նրանք առաջիկայում ազատ կարձակվեն»,- ասել է նա՝ նշելով, որ խափանման միջոցը փոխելու մասին իրեն հայտնել է ռուսաստանցիների փաստաբանը։
Մելնիկովը հույս է հայտնել, որ մոտ ապագայում բոլոր մեղադրանքները կհանվեն և հայրենիք վերադառնալու թույլտվություն կտրվի։
Նրա խոսքով՝ ռուսաստանցիների նկատմամբ խափանման միջոցի փոփոխությանը հաջողվել է հասնել ՌԴ ԱԳՆ-ի, փաստաբանների և իրավապաշտպանների համատեղ ջանքերի շնորհիվ:
Դրա հետ մեկտեղ Մելնիկովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ խափանման միջոց է ընտրվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 7 ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել Թուրքիայի հարավում՝ անտառը հրկիզելու կասկածանքով: