Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցը Ամարաս վանական համալիր: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ես երբեմն մենակ եմ գալիս, երբեմն ընտանիքով։ Մեր ուժը հավատքի, վանքի մեջ է։ Շնորհակալություն եմ հայտնում խաղաղապահներին ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվտանգության համար, շատ լավ է, որ կարող ենք անվտանգ այցելել մեր վանք ու աղոթել Աստծուն», - ասել է Ամարաս այցելած Մարիամ Մարգարյանը:
Խաղաղապահները Ստեփանակերտից Մարտունու շրջան և հակառակ ուղղությամբ շուրջ 70 ուխտավորի են ուղեկցել կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար:
«Դուք տեսնում եք, որ ամեն կիրակի Ստեփանակերտից, տարբեր շրջաններից ուխտավորներ են գալիս այստեղ։ Նրանց թվում երեխաներ կան, որոնք չեն վախենում, վերականգնումից հետո այստեղ կիրակնօրյա դպրոց կբացենք, որ երեխաներն այստեղ սովորեն։ Եվ մեր հոգևորականները միշտ ասում են, որ խաղաղապահներն իրենց գործը հաջողությամբ են անում։ Շնորհակալ ենք նրանց», - ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հիշեցնենք` պատերազմի ավարտից ու հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Ամարաս միջնադարյան վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի մոտ: Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են վանք այցելող ուխտավորների անվտանգությունը:
Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևի խոսքով` ուխտավորների անվտանգությունն ապահովում են Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն ու ռուս զինծառայողները հաստիքային զրահատեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Արցախում է տեղակայվել հրադադարը վերահսկելու համար։