Իտալացիներն ու գերմանացիները ՀՀ-ում խոշոր ՋԷԿ են կառուցել. ի՞նչ առավելություններ ունի այն

Էլեկտրական սյուներ
Կայանի հզորությունը կկազմի 250 մեգավատ, այն կփոխարինի հնացած Հրազդանի ՋԷԿ-ի հզորություններին։ Կայանի ՕԳԳ-ն բարձր կլինի (56%), իսկ պետությունը պայմանավորվել է էլեկտրաէներգիայի գնման շահավետ պայմանների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկն արդեն կառուցված է և կգործարկվի մինչև տարեվերջ։ Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին իտալական Renco Armestate ընկերությունից, որը և համակարգում է նախագիծը։
2017թ․-ին, Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի (ըստ էության՝ նոր կայանի) հիմնարկեքի արարողությանը ներկա էր ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։ Նոր էներգաբլոկը գտնվում է ներկայիս պետական, 228,6 ՄՎտ հզորությամբ բլոկի կողքին։
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է. կայանի նորոգման գումար չկա
Նոր նախագծի համար Renco ընկերությունը (Renco Armestate-ի մայր ընկերությունը) ֆինանսավորում է բերել իտալական չորս բանկերից և SIMEST պետական կորպորացիայից, որն աջակցում է արտերկրում իտալական բիզնես նախագծերին:
Նախագծի 40% բաժնետեր է դարձել գերմանական Siemens կորպորացիան։ 2018 թ․-ի նոյեմբերին կայանի կառուցման մասին Երևանում պայմանագիր են ստորագրել Denso-ն, Siemens-ը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (որն ավելի ուշ ներառվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում): Նախագծին Հայաստանի կառավարությունը ֆինանսական մասնակցություն չունի, սակայն կազմակերպչական աջակցություն է ցուցաբերում։
Նախագծի անմիջական համակարգող Renco Armestate-ի ղեկավարները Sputnik Արմենիային հայտնեցին, որ շինարարությունն արդեն գրեթե ավարտված է և, ամենայն հավանականությամբ, նոյեմբերին ՋԷԿ-ը լիարժեք կմիանա բարձրավոլտ ցանցին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (որը համակարգում է էներգետիկայի ոլորտը) Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հաստատեցին, որ կայանում ակտիվորեն փորձարկումներ են ընթանում, և եթե ոչ նոյեմբերին, ապա դեկտեմբերին այն լիովին պատրաստ կլինի գործարկման։

Նոր կայանի հզորությունը կկազմի շուրջ 250 մեգավատտ, իսկ ներդրումների ծավալը՝ շուրջ 250 մլն դոլար (չհաշված ԱԱՀ-ն): Ինչպես ավելի վաղ հայտարարել էր էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանը, նոր կայանը պետք է փոխարինի հնացած Հրազդանի ՋԷԿ-ի հզորություններին (չշփոթել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Հրազդան-5 կայանի հետ)։
Ներդրողները Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել են նաև էլեկտրաէներգիայի գնի մասին։ Նախնական գնից՝ մեկ կիլովատ-ժամի դիմաց 6,02 ցենտ, կառավարությունը կարողացել է նվազեցնել մինչև 5,7 ցենտ: Բացի այդ, կառավարությունը պարտավորություններ չի ստանձնել դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումների փոխհատուցման համար։ Այս ամենը թույլ կտա էլեկտրաէներգիայի գնման վրա տնտեսել տարեկան6,04 մլն դոլար, այսինքն, կայանի աշխատանքի 25 տարվա ընթացքում՝ շուրջ 160 մլն դոլար:
21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ»-ում. հարուցվել է քրեական գործ
Կայանի վրա տեղադրված ժամանակակից սարքավորումները թույլ կտան դրա ՕԳԳ-ն հասցնել 56 տոկոսի(Հարավային Կովկասում ջերմային էլեկտրակայանների համար ամենաբարձր ցուցանիշներից մեկը):
Կայանը կկարողանա էլեկտրաէներգիա մատակարարել թե՛ ներքին օգտագործման, թե՛ Իրան արտահանման համար, նույն սխեմայով, ինչ և Երևանի ՋԷԿ-ի գործող պետական էներգաբլոկը։ Կայանը գազ է ստանում Իրանից և յուրաքանչյուր խորանարդ մետրից արտադրում է մոտ 4,5 կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա։ Դրանցից երեքը տրվում է Իրանին, իսկ ավելցուկը մնում է Հայաստանում (այդ սխեմային մասնակիորեն միանում է նաև «Հրազդան-5» ՋԷԿ-ը)։ Մատակարարման ուղղությունները կորոշի կառավարությունը՝ որպես էլեկտրաէներգիայի գնորդ: