ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանին այսօր կայացած նիստում որոշեց թույլատրել շրջիկ մեքենաներում մանկական խաղալիքների վաճառքը։
Ավելի վաղ մանկական խաղալիքները ներառված էին այն ապրանքների ցանկում, որոնք արգելված էին շրջիկ մեքենաներում առևտրի համար:
Որոշման համաձայն՝ մանկական խաղալիքների առևտուրը կթույլատրվի զբոսայգիներում և պուրակներում տեղակայված շրջիկ կետերում: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների կարծիքով՝ հենց այդ գոտիներում է ավելի հեշտ իրականացնել վերահսկողությունը։
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նիստի ընթացքում հիշեցրեց, որ շարժական կետերում առևտուրը թույլատրված է միայն այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք գրանցված են հավելվածում, որը հատուկ մշակվել է քաղաքային իշխանությունների կողմից:
Այժմ առևտուրն իրականացվում է 12 շրջիկ մեքենաներում։ Կանոնները խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության։