Էրդողանի օրոք «նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործերի թիվը 40 անգամ ավելացել է

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
2015-2019թթ․ Թուրքիայում փակվել է 184 թերթ կամ լրատվամիջոց։ Դրանցից 170-ի դեպքում որևէ դատարանի որոշում առկա չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Թուրքիայի նախագահ դառնալուց հետո «նախագահին վիրավորելու» մեղադրանքով սկսված հետաքննությունների թիվն աճել է 47 անգամ, իսկ հարուցված դատական գործերի թիվը՝ 40 անգամ։ Այս մասին գրում է Ermenihaber.am կայքը։
2015-2019 թթ․ ընթացքում Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության ոտնահարման դեպքերն ուսումնասիրել է Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը։
10 դեսպանի մասին Թուրքիայի որոշումն ի գիտություն է ընդունվել. ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ
«5 տարում Թուրքիայում խոսքի ազատության 2 779 խախտում է արձանագրվել։ Այդ խախտումների արդյունքում 6 479 մարդ ձերբակալվել, 2 801–ը` կալանավորվել։ Հարուցված 1 372 դատական գործի շրջանակներում 727 մարդ դատապարտվել է ազատազրկման»,– նշված է ermenihaber.am–ում։
Ամենից մեծ թվով իրավունքների խախտումներ են գրանցվել Ստամբուլ, Դիարբեքիր և Անկարա նահանգներում։ Քաղաքացիների իրավունքների ոտնահարմամբ հարուցված քրգործերով ամենից հաճախ կասկածյալներին առաջադրվել է «զինված կազմավորման պրոպագանդա կատարելու», «երկրի նախագահին վիրավորելու», «սահմանադրական կարգը տապալելու փորձի» և «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանք։
Էրդողանի բազմաթիվ զոհերից մեկը, կամ Թուրքիան 10 երկրի հետ լարում է հարաբերությունները
Ըստ զեկույցի՝ 2015-2019թթ․ Թուրքիայում փակվել է 184 թերթ կամ լրատվամիջոց։ Դրանցից 170-ի դեպքում որևէ դատարանի որոշում առկա չի եղել։ Դրանք փակվել են «Օրենքի ուժ ունեցող որոշումների» հիման վրա, իսկ այդ լրատվամիջոցների ունեցվածքը պետության կողմից բռնագրավվել է։ Նշված 5 տարվա ընթացքում ձերբակալվել է 1 118, կալանավորվել՝ 281 լրագրող։