Անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Սվետլաննա Նավասարդյան. Արխիվային լուսանկար
Կոչումը շնորհվել է դաշնակահարուհու ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, մշակութային կյանքում և մանկավարժական գործունեության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին շնորհվել է Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Նման որոշում է կայացվել այսօր, Երևանի ավագանու նիստում։
Կողմ են քվեարկել ավագանու 34 անդամներ, ձեռնպահ կամ դեմ արտահայտվողներ չեն եղել։
Կոչումը շնորհվել է Նավասարդյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, մշակութային կյանքում և մանկավարժական գործունեության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար:
Որոշումն ընդունվեց. Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը
Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը ծնվել է 1946թ. Ալավերդիում: 1964-68 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1966-ից Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարն է:

ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին մամուլը «մոգական» է կոչել, իսկ նրա երաժշտական մատուցումը`«դաշնամուրային հրաբուխ»:

Դաշնակահարուհին համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրներում: Սվետլանա Նավասարդյանի ներկայացրած երկերի ցանկը ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված վաթսունից ավելի կոնցերտ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավիրյալ պրոֆեսոր է, վարպետության դասեր է վարում աշխարհով մեկ:
«Պոլիգոնի որբանոցի» համերգից մինչև մեր օրեր. Գյումրիում հնչեց Սպենդիարյանի երաժշտությունը
Սվետլանա Նավասարդյանը ՀՀ կառավարության բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր է (2010թ.), նաև Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի կողմից շնորհված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ (2015 թ.):