ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հետպատերազմական ժամանակահատվածում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր տեմպ է։ ԱԺ–ում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2022-ի բյուջեն, հայտնել էր, որ 2021-ի համեմատ ռազմական բյուջեն 11 տոկոսով կաճի ` կազմելով 345 մլրդ դրամ։
«11 տոկոսը բավականին ցածր տեմպ է` անվտանգության համակարգի վերականգնման, վերակազմավորման և ռեֆորմներ իրականացնելու համար։ Անհասկանալի է նաև ԶՈւ բարեփոխումների հարցով կառավարության դանդաղկոտությունը»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` պետք է հաշվի առնել, որ ռազմական բյուջեի մի մեծ հատված գնում է գնումների գործընթացին, իսկ երկրում տարբեր ծառայությունների և ապրանքների գներն անկանխատեսելի տեմպերով աճում են։ Աբրահամյանը նշեց` ըստ էության` ռազմական բյուջեի պլանավորված աճի մի զգալի մաս ուղղվելու է գնաճային խնդիրների չեզոքացմանը, այլ ոչ թե որակական փոփոխությանը։
Հիշեցնենք` Փաշինյանը երեկ հայտնել էր` երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն։ Նրա խոսքով` խնդիր է դրվել այդ գործառույթն ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով` հեռանկարում ունենալով ՀՀ սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը։