ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 22-ը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Հարկ եմ համարում տեղեկացնել հասարակությանը, որ դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո արդեն ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ միայն եզրակացություն առկա չէ, այլև նույնիսկ համապատասխան հանձնաժողով ստեղծված չէ, որը պետք է կատարի փորձաքննությունը։ Այսինքն՝ իրավասու փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում»,–գրել է պաշտպանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում:
«Հորդորում եմ ՀՀ առողջապահության նախարարին հրատապ ձևով պատասխանել դատարանի գրությանը և կազմակերպել բժշկական հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ պարագայում Չարչյանի համար անդառնալի հետեւանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու, տիկի՛ն»,–գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։