ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի երգիծաբան և դերասան Միխայիլ Գալուստյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, նշում է ծննդյան 42–ամյակը։ Դերասանի կինը՝ Վիկտորյան, Instagram–ի իր էջում շնորհավորել է ամուսնուն և հուզիչ գրառում արել։
«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր։ Առաջ շարժվիր և հասիր նպատակներիդ։ Ես գիտեմ, թե որքան կարևոր է դա քեզ համար։ Ուժ, ոգեշնչում և ամուր առողջություն եմ մաղթում իրականություն դարձնելու համար այն, ինչ մտածել ես։ Ես ու երեխաները քեզ կաջակցենք մռայլ օրերին։ Խելացի, ուժեղ, էներգիայով լի, հաջողակ, մարդկային, բազմազան, ինքնաբավ, հետաքրքիր, սրտագին, հիասքանչ»,- նշել է Վիկտորյան։
Միշան կնոջ շնորհավորանքը հրապարակել է Instagram–ի իր էջում ու շնորհակալություն հայտնել։
Մեկ այլ լուսանկարին կից Գալուստյանը գրել է, որ շատ շնորհակալ է Աստծուն իր ընտանիքի՝ կնոջ՝ Վիկտորյայի և դուստրերի՝ Էստելայի և Էլինայի համար։ Հեռուստահաղորդավարը նաև շնորհակալություն է հայտնել իր հավատարիմ ընկերներին։ Հրապարակման վերջում Գալուստյանը դիմել է Աստծուն և շնորհակալություն հայտնել, որ ինքը կարողացել է իրեն գտնել այս կյանքում։
Միշա Գալուստյանը (Նշան Գալստյան) ծնվել է 1979թ. հոկտեմբերի 25-ին Սոչիում: Վաղ հասակից երգել է, պարել ու ասմունքելէ: Սովորել է Սոչիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա` 5 տարի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Զբաղվել է ձյուդոյով: Հինգերորդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել է թիվ 8 գիմնազիա, որտեղ առաջին անգամ բեմ է բարձրացել իր ստեղծած Վինի Թուխի դերով:
10-րդ դասարանից ընդգրկվել է դպրոցական ՈւՀԱ թիմում, դարձել է թիմի կապիտանը և հաղթանակներ գրանցել մարզի դպրոցական ու բուհական թիմերի հետ խաղերում: 1996թ. ավարտել է դպրոցն ու ընդունվել բժշկական ուսումնարան, որից հետո` Սոչիի Տուրիզմի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Այդ ընթացքում արդեն խաղում էր «Утомлённые солнцем» ՈւՀԱ թիմում, որի հետ մասնակցել է բարձրագույն լիգայի խաղերին: Զբաղվածության պատճառով կիսատ է թողել ուսումը և 2002թ. դարձել թիմի կապիտանը: 2006թ-ից որպես դերասան մասնակցել է ռուսական մի շարք հումորային հեռուստանախագծերի:
Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Հիտլեր կապուտ» (2008թ.), «Հղիները» (2011թ.), «Ամենալավ ֆիլմ» (2008թ.), «Զայցև+1» (2011-14թթ), «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի» (2012թ.), «Այն նույն Կառլսոնը» (2012թ.), «Տոմս դեպի Վեգաս» (2012թ.) և այլն: 2011թ. ընդունվել է Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիա: