ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի վեց մարզերում` Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Կուրսկի, Սամարայի մարզերում և Պերմի երկրամասում, հոկտեմբերի 25-ից ոչ աշխատանքային օրեր են սկսվում։ Ոչ աշխատանքային օրերը հայտարարել են մարզային իշխանությունները` նպատակ ունենալով կանխել կորոնավիրուսի տարածումը։
Ռուսաստանի այդ մարզերում ոչ աշխատանքային օրերը չեն համընկնում դաշնայինի հետ, որոնք նախատեսված են հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը։ Մի շարք այլ մարզերում հանգստյան օրերը ևս ավելի շուտ կսկսվեն` Հյուսիսային Օսեթիայում` հոկտեմբերի 26-ից, Սարատովի մարզում` 27-ից, Մոսկվայում և Մոսկվայի մարզում` 28-ից։ Այս մասին հայտնում է rosbalt–ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարզերի ղեկավարներին հնարավորություն է ընձեռել իրավիճակից կախված` իրենց հայեցողությամբ ընտրել լրացուցիչ ոչ աշխատանքային օրերը։ Նա չի բացառել, որ Ռուսաստանի որոշ սուբյեկտներում հանգստյան օրերը կարող են շարունակվել նաև նոյեմբերի 7-ից հետո։ Բացի այդ, երկրի ղեկավարը խորհուրդ է տվել մեծացնել թեստավորման ծավալները և արագացնել գործընթացը, հատկապես հաշվի առնելով, որ հիվանդությունը հաճախ ընթանում է ասիմպտոմ։
Մարզերում կշարունակեն գործել բժշկական հաստատություններն ու դեղատները, աշխատանքները չեն դադարեցնի նաև Բնակարանային և կոմունալ ծառայությունների, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտի հաստատություններն ու առանց դադարի գործող ձեռնարկությունները։ Կշարունակի գործել հասարակական տրանսպորտը, այդ թվում` տաքսին, իսկ սրճարաններն ու ռեստորանները կաշխատեն միայն առաքումով։ Մի շարք մարզերում ծերերի համար ինքնամեկուսացման պարտադիր ռեժիմ է սահմանվում։
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ռուսաստանցիներին խորհուրդ է տվել սահմանափակել տեղաշարժը մարզերի միջև։ Ռոսպոտրեբնադզորը ևս խորհուրդ է տվել երկրի բնակիչներին մնալ տանը և ոչ աշխատանքային օրերին ուղևորություններ չծրագրել։