Լրագրողական միջազգային կազմակերպությունները կոչով դիմել են ՀՀ իշխանություններին

Կազմակերպություններից մեկի ղեկավարը նշել է, որ բարձր տուգանքները օգտագործվում են լրագրողներին վախեցնելու և լռեցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել են Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) պահանջին և կոչ են անում ՀՀ իշխանություններին վերանայել խոսքի ազատության սահմանափակման մասին օրենքը։Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում։
2021 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանում ուժի մեջ մտավ նոր օրենք՝ բարձրացնելով «վիրավորանքի» և «զրպարտության» համար նախատեսված տուգանքների առավելագույն շեմը։
IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերն ասել է, որ իրենք ՀԺՄ-ի կողքին են ընդդեմ մի օրենքի, որն ունի հստակ քաղաքական նպատակ և դրամատիկ հետևանքներ կունենա մամուլի և լրատվամիջոցների աշխատողների վրա:
EFJ գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն էլ իր հերթին նշել է` նման բարձր տուգանքները օգտագործվում են լրագրողներին վախեցնելու և լռեցնելու համար։

«Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել օրինագիծը՝ մեր գործընկերների հետ երկխոսելով»,– ընդգծել է նա:

ԱԺ–ն զրպարտության մասին օրենքն ընդունեց 2021 թվականի մարտին, երբ Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը վարչապետի նկարի տակ մեկնաբանություն գրեց, որը դիտարկվեց որպես վիրավորական: Օրենքը ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս ամիս: Զրպարտության փոխհատուցման չափ է սահմանվել մինչև 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ։
Այս օրենքը ՍԴ էր ուղարկվել այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մերժել էր այն ստորագրել օրենքի սահմանադրականության և մամուլի ազատության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններ հայտնելուց հետո։
ՀԺՄ–ն էլ հայտարարություն էր տարածել` ասելով, որ օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է, դրա զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը։