ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. 2022-ին նախանշվում է պետական բյուջեի պակասուրդի կրճատում` 1.6 տոկոսային կետով ՀՆԱ–ի մեջ, որը կկազմի 3.1 տոկոս։ 2022-ի բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
«Կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշում 0.7 տոկոս կրճատում կլինի` կազմելով 60.2 տոկոս։ Բացի այդ, 2022-ին նախատեսվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական` 0.9 տոկոսային կետ ավելացում, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն»,–ասաց Երիցյանը։
Նա նշեց նաև, որ ԿԲ–ի ընդհանուր գնահատմամբ` 2022-ի պետբյուջեի նախագիծը բավական հավակնոտ է և ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական ավելացում ու արագացում։ Երիցյանը հավելեց, որ հաջորդ տարի նախատեսվող տնտեսական բարձր աճի` 7 տոկոս ապահովելու հիմքում մեծածավալ պետական ներդրումների իրականացումն է։
Երիցյանի խոսքով` կապիտալ ներդրումների ծրագրով նախորդ տարվա համեմատ էական աճ են նախատեսել` 7.3 մլրդ դրամի մասին է խոսքը։ Սա, ըստ նրա, պայմանավորված է ռազմավարական նշանակության նախագծերով, մասնավորապես, ԿԲ նշանակալից նախագծերից է կիբեռանվտանգության կենտրոնի և տեղեկատվական հարթակի ստեղծումը։
Հիշեցնենք, որ այսօր 2022-ի բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2022-ի բյուջեում կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի համեմատ ավելի է 55 տոկոսով։