ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Անդրեասյանը բարձր է գնահատել երկու երկրների ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել նախարարության բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտների:
Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումը՝ Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների միջև փոխգործակցության խորացման հնարավորությանը՝ հատկապես միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։
Նախարարը դեսպանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու ռուս գործընկերոջն ու քննարկելու փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։