ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ընդդիմությունը կարող է նախատեսված բողոքի ակցիաներն անցկացնել մինչև նոյեմբերի 9-ը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաքներ ու երթեր անցկացնելու հայտեր են ներկայացրել Երևանի քաղաքապետարան։
Մինասյանի խոսքով`ընդդիմությունն իշխանություններից պահանջում է բացատրել, թե ինչ հարցեր են նրանք քննարկելու ադրբեջանական կողմի հետ` Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:
«Մենք բոլոր գործիքներն օգտագործելու ենք, որ կանխենք։ Այն, ինչ ներկայում անում է Հայաստանի իշխանությունը, պետք է լինի հրապարակային. իշխանությունը չի կարող իր թաքուն կեցվածքը շարունակել, սա սկզբունքային հարց է», - ասաց Մինասյանը։
Նա հավելեց, որ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաքներ ու երթեր անցկացնելու համար ընդդիմությունը դիմել է 20 օր առաջ:
«Բայց դա չի նշանակում, որ մեր ծրագրերը փոփոխման ենթակա չեն, ցանկացած պահի, ցանկացած օր, ցանկացած ժամի, որպես հրատապ միջոցառում, հնարավոր է ցանկացած պահանջ դրվի ու դնելու ենք, եթե մեր համար տեսանելի ինչ-որ բան լինի», - ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց` եթե պահանջվում է, որ այդ օրը բոլորը լինեն փողոցում, վստահ է՝ բոլորն էլ կլինեն։