ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Լիտվայի և Հայաստանի մայրաքաղաքները ձմռան առաջին ամսվանից կկապվեն ուղիղ ուղևորատար ավիահաղորդակցությամբ։ Տեղեկությունն այսօր հայտնվել է Լիտվայի տրանսպորտի նախարարության կայքում։
«Վիլնյուսի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը, որը կբացվի դեկտեմբերի կեսերին, կծառայի մեր երկրների միջև առավել ակտիվ համագործակցությանը, հումանիտար կապերի ամրապնդմանը, գործարարության և զբոսաշրջության ոլորտներում շփումներին»,-ասված է գերատեսչության ղեկավար Մարյուս Սկուոդիսի հայտարարության մեջ:
Նախարարը պարզաբանել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև շաբաթական երկու անգամ` չորեքշաբթի և կիրակի օրերին, թռիչքներ կիրականացնի Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունը։