Բազմաթիվ սոցիալական խնդիրներ մնալու են չլուծված. Փաշինյանը` 2022-ի բյուջեի մասին

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2022-ի բյուջեն, նշեց, որ նախատեսում են 7 տոկոս տնտեսական աճ ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. 2022-ին ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծախսերը 32 տոկոսով ավելի են, քան 2021-ին։ Բյուջե-2022-ի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ենթակառուցվածքների զարգացման ոլորտին հաջորդ տարի կտրամդրվի 278 մլրդ դրամ։
«Հաջորդ տարի կմեկնարկեն «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան–Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների կառուցման մրցույթները։ Նպատակ ունենք հենց հաջորդ տարի էլ սկսել երկու հատվածների շինարարական աշխատանքները»,–ասաց Փաշինյանը։
2022-ին պաշտպանական ծախսերը կաճեն 11%-ով` դառնալով 720 մլն ԱՄՆ դոլար. Փաշինյան
Նա հավելեց նաև, որ 2022-ի համար նախատեսում են 7% տնտեսական աճ ապահովել։ Բացի այդ, 2022-ի բյուջեում կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավելի է 55 տոկոսով։
Վարչապետը նշեց` այս ամենին զուգահեռ, հեռու են այն մտքից, որ 2022-ի բյուջեն կլուծի բոլոր խնդիրները և, ըստ այդմ, բազմաթիվ սոցիալական խնդիրներ մնալու են չլուծված։

Նա հավելեց նաև, որ 2021-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝661 141. ՀՀ-ում, ըստ նրա, ավելի բարձր ցուցանիշ երբեք չի ունեցել: Նախորդ առավելագույնը գրանցվել է 2020-ի սեպտեմբերին՝ կազմելով 631 966 աշխատատեղ:

Փաշինյանի խոսքով` էականորեն` գրեթե 20 տոկոսով աճել է արտահանումը, ընդ որում, աճել է ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը: Շինարարության ծավալներն այս տարի աճել են 7 տոկոսով, ծառայությունները՝ ավելի քան 5 տոկոսով: