ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախկին նախագահ, ԱԳ նախկին նախարար Աբդուլլահ Գյուլը դատապարտել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը դեսպանների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Ermenihaber.am–ը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի արտգործնախարարությանը կարգադրել է անցանկալի անձ հայտարարել թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրների դեսպաներին։
«Էրդողանի այդ հայտարարությունը քննարկումների պատճառ է դարձել նաև Թուրքիայի ներսում: Թեմային արձագանքել են Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Մի շարք երկրներ արդեն հասցրել են իրենց մտահոգությունը հայտնել խնդրի առնչությամբ»,–գրում է կայքը:
Գյուլը, Էրդողանի հայտարարությունը համարելով անընդունելի, նշել է, որ դեսպանները միայն կատարում են իրենց երկրի ղեկավարության հրամանը, և նրանք չպետք է անձամբ պատասխանատվություն կրեն: Գյուլի կարծիքով դեսպանների արտաքսումը լուրջ հետևանքներ կունենա և պատճառ կդառնա նոր խնդիրների: Ըստ նրա՝ չի կարելի թույլ տալ, որ այս խնդիրը վերածվի ճգնաժամի, քանի որ դա չի բխում ոչ մի երկրի շահից: Գյուլի կարծիքով` հարցը պետք է վստահել Թուրքիայի արտգործնախարարությանը:
Չպետք է թույլ տալ, որ իրավիճակը հասնի այնպիսի մի կետի, որից հետ կանգնել այլևս հնարավոր չլինի: Մինչ այդ էլ Թուրքիայի նախագահի հայտարարությունը դատապարտել էր Դավութօղլուն՝ նշելով, որ դա կարող է դառնալ Թուրքիայի պատմության դիվանագիտական ամենամեծ ճգնաժամը: