ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունն ի գիտություն է ընդունել 10 դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին Թուրքիայի որոշումը, սակայն երկրները դեռ պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում։
Ավելի վաղ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանատները Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: Դիվանագետներին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց հիշեցրել էին դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։
Այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱԳՆ-ին հրահանգել է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նշված 10 դեսպանները persona non grata` անցանկալի անձ հայտարարվեն։
«Մենք ի գիտություն ենք ընդունել և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը Էրդողանի վերջին հայտարարությունից հետո։ Երկրները դեռ ծանուցումներ չեն ստացել, ուստի ես առայժմ ձեռնպահ կմնամ հետագա մեկնաբանություններից»,-ասել է Ստանոն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն քննադատել են Էրդողանի հայտարարությունը։ Մասնավորապես, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդգծել են, որ Թուրքիայի ներկայիս առաջնորդի խոսքերն անընդունելի են, կարող են հանգեցնել խորը ճգնաժամի և նոր խնդիրների։