Անկախացումից ի վեր` թուրք-ադրբեջանական տանդեմը շրջափակել է Հայաստանի ողջ տնտեսությունը, որ ճնշի և առաջ մղի սեփական շահը։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ տանդեմն առաջնորդվում է բացառապես իր շահերն առաջ մղելու սկզբունքով` Հայաստանի տարածքով միջանցքներ պահանջելով, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով` մենք ամեն օր լսում ենք տնտեսական ապաշրջափակման մասին, սակայն դրա հիմնական շահառուն Ադրբեջանն ու Թուրքիան են։
«Մեծ հարց է, թե դրանից որքանով կարող է օգտվել ՀՀ-ն, մանավանդ այսպիսի հյուծված տնտեսությամբ։ Նույնիսկ փակ սահմանների պարագայում Թուրքիայից ներմուծումը Հայաստան բավականին բարձր տոկոս է կազմում, իսկ Հայաստանից արտահանումը Թուրքիա, Ադրբեջան՝ չունի մրցունակ պահանջարկ, հետևաբար Թուրքիայի ուղղությունը Հայաստանի համար չնչին` 0.1 տոկոս տեսակարար կշիռ ունի»,- ասաց նա։
Այն դեպքում, երբ Թուրքիայից ներմուծումը 150 անգամ գերազանցում է Հայաստանից դեպի այդ երկիր արտահանմանը` մեզանում տնտեսության զարգացման մասին խոսելը խաբկանք է։ Բացի այդ` ապաշրջափակման դեպքում հայկական շուկան ողողելու են թուրք-ադրբեջանական ապրանքները, ինչն իր հերթին մեծապես հարվածելու է տեղական արտադրողների գրպանին և արտադրողականությանը։
«Ջերմոցային տնտեսությունը, գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը ինչ-որ չափով աշխուժացել են հատկապես թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ֆոնին, հիմա ստացվում է ճիշտ հակառակը` ներմուծումը կսկսի խանգարել արտադրությանը, կսկսենք կախվածության մեջ լինել թուրք-ադրբեջանական ներմուծումից»,- նշեց Ավետիսյանը։
Նրա կարծիքով` ներմուծումների անվան տակ Թուրքիան փորձելու է կարճ ժամանակահատվածում հասնել նրան, որ Հայաստանի տնտեսությունը դառնա թուրք-ադրբեջանական տնտեսության կցորդ` իր բոլոր բացասական հետևանքներով։