Քաղաքական ուժերը ստացան Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «վաստակած» մանդատները

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կայացած են, ամենաշատը՝ 14 մանդատ բաժին հասավ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությանը, սակայն ոչ մի ուժ դեռ չի շտապում կոալիցիա կազմելու մասին հայտարարությամբ հանդես գալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik , Արմենուհի Մխոյան. Ինչպես պահանջում է ընտրական օրենսգիրքը՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն այսօր հաստատեց հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն ընտրական շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերի ներկայացուցիչներին շնորհավորեց Գյումրու ավագանու կազմում ընդգրկվելու ու քաղաքակիրթ պայքար մղելու համար: Նա շնորհավորեց նաև ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին մասնակցության համար:
Թիվ 31 ՏԸՀ-ն հաստատեց հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները:
«Հաշվի առնելով այն, որ ոչ մի բողոք ու վերահաշվարկի պահանջ հանձնաժողովը չի ստացել, այսօր 12:00-ին հանձնաժողովը արձանագրեց ընտրությունների արդյունքները»,-նշեց Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով որ 109 453 ընտրողից ընտրության մասնակցել է 26468 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 117 քվեաթերթիկ, ենթադրյալ խախտումներն ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չեն ունեցել:
Համաձայն ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3 և 4 կետերի՝ մանդատների բաշխումը իրականացվել է հետևեալ կերպ. «Բալասանյան դաշինք» կուսակցություն՝ 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11, «Զարթոնք» կուսակցություն՝ 4, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2, Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 2 մանդատ:
Թիվ 31 ՏԸՀ-ն հաստատեց հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները:
Քաղաքական ուժերն իրենց անվանական մանդատները հանձնաժողովից կարող են վերցնել հոկտեմբերի 28-ին, իսկ ինքնաբացարկի դեպքում հանձնաժողովին պետք է համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն մինչև հոկտեմբերի 27-ը՝ ժամը 14:00-ն:
Հավելենք, որ հանձնաժողովի նիստից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ չշտապեցին հայտարարել կոալիցիա կազմելու մասին, իսկ ավագանում ձայների մեծամասնություն այս պարագայում ոչ մի ուժ չունի:
2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ
«Այս պահին որոշում չունենք՝ ներթիմային քննարկումներ են»,-նշեց «Բալասանյան դաշինք» կուսակցություն լիազոր ներկայացուցիչ Արման Շաբոյանը: Sputnik Արմենիայի հարցին թե «Բալասանյան դաշինքի» վրա՝ կոալիցիա կազմելու նպատակով ճնշումներ գործադրվե՞լ են, Շաբոյանը պատասխանեց՝ լսել է դրա մասին, բայց փաստեր չկան:
Կոալիցիա կազմելու պատրաստ է «Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունը: «Մենք բաց ու պարզ հայտարարություն արդեն արել ենք, բայց դեռ արձագանք չենք ստացել ոչ մի քաղաքական ուժից»,- նշեց ավագանու 2-րդ համարը ներկայացնող Կարեն Սոսյանը՝ չթաքցնելով, որ իրենց 4 մանդատը որոշիչ է ուժերի համար, ու պատրաստ են կոալիցիա կազմել հատկապես «Բալասանյան դաշինքի»-ի հետ:
Թիվ 31 ՏԸՀ-ն հաստատեց հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները:
Կոալիցիա չի կազմի, բայց կողմ է առողջ համագործակցությանը «Ապրելու երկիր» կուսակցությունը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները չցանկացան իրենց քաղաքական ուժի կարծիքը հայտնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):
ՏԻՄ ընտրությունները մեզանում որպես քաղաքական գործընթաց չի ընկալվում. պատգամավոր
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: