ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան հրաժարվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից՝ հաշվի առնելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերն ապարդյուն են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռազմաքաղաքական դաշինքում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գործունեության դադարեցումը։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել հօգուտ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների զարգացման՝ չնայած ռազմաքաղաքական դաշինքի ագրեսիային:
«Այստեղ կարևոր է նաև նշել, որ չնայած այդ դաշինքի ագրեսիվությանը՝ Ռուսաստանը միշտ կողմ է եղել հարաբերությունների զարգացմանը։ Միայն հիմա, երբ արդեն ակնհայտ դարձավ, որ մեր բոլոր ջանքերն ապարդյուն են, մենք պարզապես պաշտոնական դարձրեցինք այն, ինչ իրական էր», - ասել Է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա Կրեմլ․Պուտին» հաղորդման ժամանակ:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է իր հակառակորդը, ուստի կազմակերպության հետ հարաբերություններից հրաժարվելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա։
«Ոչ մի խաղաղասեր հայտարարություն, ՆԱՏՕ-ի այդ ագրեսիվ ուղղվածության ոչ մի քողարկում ի զորու չեն թաքցնել այդ դաշինքի իրական նշանակությունը։ Դա ագրեսիվ դաշինք է, որը մեզ թշնամի է համարում։ Եվ այդ պատճառով ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե մենք պարզապես հրաժարվենք այդ հարաբերություններից ագրեսիվության սրման, այնպիսի հռչակագրերի ընդունման ֆոնին, որոնց գերնպատակը մեզ զսպելն է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան նոյեմբերի 1-ից դադարեցնում է դաշինքում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը: Դա արվել է այն բանից հետո, երբ դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցչության աշխատակիցների թվաքանակը կրճատվել է։