ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Նա լեգենդ էր արդեն կյանքի օրոք․ հայ ժողովուրդը ոչ միայն սպասում էր նրա դերերին, այլև խոսքին՝ պարզ, իմաստուն, անկեղծ, հասարակ մարդու սրտին հասնող։ Սոս Սարգսյանը ժողովրդական էր, ու այստեղ հարցը ոչ թե կոչումն է, այլ՝ բովանդակությունը։
«Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին․ այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ։ Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա»,- ասում էր Վարպետը։
Հայ կինոյի նահապետը խենթի նման սիրում էր իր երկիրը, ժողովրդին, թատրոնը, հայ մարդուն, ինքն էլ սիրո պակաս չուներ։ Իր հարցազրույցներից մեկում անկեղծանում է․ «Իմ ժողովուրդը սիրում է ինձ, մի քիչ շատ, բայց սիրում է․․․»։ Sputnik Արմենիան Վարպետի ծննդյան օրվա առիթով առանձնացրել է 7 հետաքրքիր փաստ նրա մասին։
1․ Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավանում։ Իր հարցազրույցներից մեկում կատակում է՝ զավեշտալի է, թե ինչպես ինքը դերասան դարձավ, քանի որ շատ ամաչկոտ է։ Եթե սենյակում 4 մարդ է լինում, ինքն արդեն կաշկանդվում է, բայց այսքանից հետո ճակատագիրն իրեն դերասան դարձրեց։
2․ Պատմում են, որ Սոս Սարգսյանը դեռ մանկուց առանձնանում էր իր տարեկիցներից։ 10 տարեկանում պիես է գրում ու այն բեմադրում տան նկուղում՝ ընկերների հետ։ Դա այն դեպքում, երբ լոռեցի տղան երբեք թատրոնում չէր եղել ու ներկայացում չէր դիտել։
3․Սոս Սարգսյանը նկարահանվել է 4 տասնյակից ավելի հայտնի ու սիրված ֆիլմերում։ Մեծ կինո նրա մուտքը «Նվագախմբի տղաները» ֆիլմը դարձավ։ Նկարահանվել է նաև ռուս ռեժիսորների ֆիլմերում, այդ թվում՝ Տարկովսկու, Բորտկոյի։ Ո՞ր դերն է ամենաստացվածը, ամենահիշվողն ու ամենասիրելին․ այս հարցն անպատասխան կմնա, որովհետև Սոսը բոլոր դերերում սիրվեց, ու Սոսի բոլոր դերերը սիրվեցին։ Ասում են՝ «Գիքորի» նկարահանման ժամանակ Սոս Սարգսյանը պնդեց, որ Գիքորի հերոսը պետք է Դսեղից լինի, դերակատար Ալբերտ Ղուլինյանին՝ խորը, պարզ, անկեղծ աչքերով, հենց սկզբից հավանեց։
4․Սոս Սարգսյանը նաև մոտ 1 տասնյակ երկերի հեղինակ է։ Հետաքրքիր մի փաստ են պատմում նրա «Լակոտը» նորավեպի մասին։ Արդեն տպագրական մեքենաներով չէին աշխատում, վարպետն էլ համակարգչով գրեց «Լակոտը», հետո թերևս մոռացավ պահպանել գրածը․ ամբողջը կորավ։ Որքան էլ փորձեցին վերականգնել աշխատանքը, չստացվեց։ Սոս Սարգսյանը նստեց, հիշողությամբ նորից գրեց, բայց համակարգչի հասցրած վիրավորանքը չմոռացավ ու չներեց, ասաց՝ իրեն այն պետք չէ։
5․Սոս Սարգսյանը դեմ էր տուն-թանգարան ունենալուն, ասում էր՝ դերասանի հիշատակը նրա դերերն ու ներկայացումներն են։ «Դու պիտի թողնես աշխարհին այն ամենը, ինչ բերել ես քեզ հետ»,- ասում էր վարպետը։ 1991 թվականին հիմնադրել էր ու ղեկավարում էր Համազգային թատրոնը։ Տուն-թանգարան ունենալու փոխարեն երազում էր թատրոնի շենք ունենալ, չհասցրեց իր երազանքն իրականացած տեսնել։
6․Սոս Սարգսյանն իր երկրի քաղաքացին էր, որը չէր ցանկանում պասիվ կեցվածքով հետևել այն ամենին, ինչ կատարվում է։ 1989-91թթ․ նա եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1990-ական սեպտեմբերին հայազգի քաղաքական մի քանի գործիչներ հացադուլ հայտարարեցին՝ ԽՍՀՄ-ի և ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռելով ղարաբաղյան հարցի ուղղությամբ։ 1990 թվականի սեպտեմբերի 14-ին հացադուլ հայտարարեց նաև Սոս Սարգսյանը։ Ի դեպ, 1991թ. նա մասնակցել է նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահական ընտրություններին` որպես նախագահի թեկնածու, առաջադրվել Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից:
7․Հայ կինոյի Նահապետը կյանքից հեռացավ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից։ Արտիստներին ընդունված է ծափահարություններով ճանապարհել։ Սոս Սարգսյանին մեկուկես ժամ ձեռքերի վրա էին տանում Օպերայից Պանթեոն՝ պարզած ձեռքերով. նույնիսկ, երևի անգիտակցաբար, դագաղը ուսերին չէին դրել, թեև այդպես ավելի հեշտ կլիներ։ Պարզապես Սոսը միշտ ամբոխից վեր էր։
Ու մեկուկես ժամ ծափահարությունները չէին դադարում, իսկ դին տեղափոխող մեքենան այդպես էլ պետք չեկավ, այն կորել էր մարդկանց հոսքի մեջ, իսկ վարորդը թողել էր մեքենան ու ոտքով էր գնում։ Սեպտեմբերյան այդ օրը Երևանում երթևեկությունը երկու ժամով կանգ էր առել. Երբ ձեռքերը ծափահարում են, հերթը ղեկին չի հասնում։