ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան Ռուսաստանի համար թշնամի էր, թշնամի էլ կմնա, և Մոսկվայի քաղաքականությունը պետք է բխի այս իրողությունից։ «Սոլովյով LIVE» ծրագրի եթերում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Փորձագետը նշել է, որ Ռուսաստանը գումար է ներդնում թուրքական տնտեսության մեջ, ապահովում էներգակիրներով, զենք մատակարարում և վերջնական հարված չի հասցնում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Իսկ անհրաժեշտ է այն պատճառով, որ Թուրքիան ակնհայտորեն փորձում է Օսմանյան նոր կայսրություն կառուցել նախկին ԽՍՀՄ–ի ավերակների վրա։
Սատանովսկին համոզված է, որ Թուրքիայի տարածքում «Ակույու» ատոմակայանի շինարարության մեջ ներդրած գումարները երբեք չեն վերադառնա Ռուսաստան։ Եվ ընդհանրապես Մոսկվան Անկարայի հետ չի վարվում այնպես, ինչպես Թուրքիան է վարվում նրա հետ, ռուսական ազդեցությունն այդ երկրում զրոյի է հասցված։ «Իսկ Թուրքիայի ազդեցությունը ՌԴ դաշնային մի շարք սուբյեկտներում բավական ուժեղ է»,– դժգոհել է արևելագետը։
Ըստ նրա` Մոսկվան Անկարայի հետ շփվում է նախագահի, պաշտպանության նախարարի, հետախուզության ղեկավարի հետ մակարդակով և չի աշխատում թուրքական կուսակցությունների հետ, իսկ այնտեղ նրանք տարբեր են, և խոսքը միայն իշխող կուսակցության մասին չէ։ Ռուսական կողմն անձնական, անհատական շփումներ չունի նաև թուրքական բիզնեսի հետ, ինչը թույլ կտար մուտք գործել թուրքական վերնախավ։
«Մենք ընդհանրապես գիտե՞նք, թե ինչ են խոսում թուրքական վերնախավում, ինչ են այնտեղ ասում, ինչից վախենում, ինչ են ուզում։ Ոչ։ Իսկ ինչո՞ւ։ Իսկ մեզ մոտ նրանք ներկա են... Մեզ մոտ նրանք ներկա են այդ թվում նաև ադրբեջանական վերնախավի միջոցով։ Քանի որ Շուշիի հռչակագրի համաձայն` ադրբեջանական սփյուռքը երրորդ երկրների, այդ թվում Ռուսաստանի տարածքում Թուրքիայի ազդեցությանն օժանդակողն է», – ասել է Սատանովսկին։
Ինչպես նշել է փորձագետը, Թուրքիան ինքը միասնական չէ ազգային տեսանկյունից, բայց Էրդողանը սարսափելի ուժով պառակտում է Ռուսաստանը` խաղարկելով թուրքական գործոնը ոչ պակաս, քան պանիսլամիզմը։ Ռուսաստանը կարող էր պատասխան տալ` շփումներ հաստատելով քրդերի, բոլոր ազգային փոքրամասնությունների հետ, որոնք Թուրքիայում շատ են` հայեր, հրեաներ, չեչեններ, չերքեզներ, լազեր, ալավիներ և այլն։ Բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։
Նրա խոսքով` Ռուսաստանը զիջումների է գնում Թուրքիայի նկատմամբ։ Եվ այնտեղ, որտեղ պետք է վերջնական հարված հասցնել, Մոսկվան հապաղում է։ Սատանովսկին դա բացատրում է նրանով, որ Ռուսաստանն այնտեղ մեծ գումարներ է ներդրել, և այդ գումարներով հետաքրքրված են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք վախենում են կորցնել դրանք։