ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանը բարձր է գնահատել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին սեպտեմբերին ձերբակալված իրանցի երկու վարորդներին ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 15-ին ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել էին իրանցի վարորդներին ու նրանց մեղադրում էին Գորիս-Կապան ճանապարհով դեպի Արցախ բեռներ տեղափոխելու մեջ։ Մինչ այդ Ադրբեջանը որոշ հատվածներում ոստիկանական անցակետեր էր տեղադրել։ Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին։
«Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձր է գնահատել ձերբակալված վարորդների ազատ արձակումը և դա կառուցողական քայլ է համարել թյուրըմբռնումը հարթելու համար»,- նշվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Աբդոլլահիանը նաև կոչ է արել հեշտացնել Իրանի բեռնատարների երթևեկությունը Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ ընդգծելով համատեղ տնտեսական կոմիտեի աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետությունը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների համար, որոնք հատում են հայ-իրանական սահմանը՝ գալով դեպի Հայաստան։