Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
«Սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` փաստաթուղթը վերաբերելու է սահմանագծման և սահմանազատման գործընթացին։

«Այդ գործընթացը բարդ է, և կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ իրենց համար «ճանապարհային քարտեզ» կորոշեն տվյալ խնդրի լուծումը գտնելու համար։ Նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն կընդունվի, այդ կետը նշվել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին երեք երկրների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ», - պարզաբանել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը:

Հիշեցնենք` Պուտինի Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարին։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։