ՌԱԴԻՈ

Ինչ պետք է անի ՇՄ-ն, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները ողջ մնան

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շրջակա միջավայրի նախարարության` ձկնորսության արգելքի վերաբերյալ որոշմանը։
Sputnik
Ձկնորսները զրկվել են օրվա ապրուստի հիմնական միջոցից, և նրանց բողոքի ձայնն արդարացված է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը` անդրադառնալով օրերս Երևան-Սևան մայրուղին փակած ձկնորսների ընդվզմանը։

«Տարիներ շարունակ Սևանի ավազանի բնակչության մեծ մասի հացի աղբյուրը եղել է լճից օրինական և անօրինական ձևով ձուկ որսալու միջոցով։ Հիմա միանգամից փակել են այդ ճանապարհը, այդ մարդիկ հացի խնդիր ունեն, ուրիշ աշխատանքով չեն զբաղվել, իրենք սովոր են, որ Սևանը պետք է իրենց պահի»,- ասաց նա։

Միաժամանակ Աթոյանը չի մեղադրում նաև նախարարությանը հոկտեմբերի 15-ից սիգի որսը դադարեցնելու որոշման համար։ Ասում է` գերատեսչությունն էլ նման որոշում է կայացրել կատարած ուսումնասիրություններից ելնելով, սակայն այստեղ կա մի նրբություն` գերատեսչությունը պարտավոր էր կանխատեսել ձկնորսների նման արձագանքը և այդ ամենը կանոնակարգել այնպես, որ և՛ գայլերը կուշտ լինեին, և՛ ոչխարները ողջ մնային։
Նրա խոսքով` ՇՄ-ն օրենքով սահմանված կարգով ձկնորսներից պահանջում է դադարեցնել սիգի որսը` առանց մտածելու հետևանքների մասին։
«Ավելի լավ է ինչ-որ մի տեղ օրենքի պահանջներին ավելի մեղմ մոտենան, քան որոշակի մասսաների զրկեն իրենց հացի փող աշխատելու տարրական հնարավորություններից»,- նշեց Աթոյանը։
Ձկնաբուծությունից շինարարություն․ բնությունը վնասողների գործունեությունը տեղում կկասեցվի
Հիշեցնենք, որ ՇՄ-ն հոկտեմբերի 15-ից արգելել է սիգի որսը Սևանա լճում, մինչդեռ ձկնորսները պնդում են, որ այս տարի լճում ձկնային պաշարները բավականին շատ են, և նախարարությունը այդ քայլին դիմել է, որպեսզի արհեստականորեն բարձրացնի սիգի գինը։ Նրանք իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու նպատակով օրերս մեքենաներով փակել էին Երևան-Սևան մայրուղին: