Հայաստանը կարող է տուն դառնալ բազմաթիվ նորարարությունների համար. ԿԲ նախագահ

Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ոլորտի փոխակերպման գործընթացում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ ապագան հիմնված է գիտության ու տեխնոլոգիաների վրա և Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարությունների համար: Այս մասին Գալստյանն ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողովում», որն արդեն 3-րդ անգամ է անցկացվում:
«Ապագան հիմնված է գիտության և տեխնոլոգիաների վրա: Թվանշային տեխնոլոգիաները սրա կենտրոնում են: Հայաստանն այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են բացահայտվել և իրականացվել»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող ոլորտը ՀՀ-ում:
Հայաստանում կանխիկ վճարումներն ու գործարքներն էապես կսահմանափակվեն
Գալստյանը շեշտեց՝ ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ոլորտի փոխակերպման գործընթացում՝ գնալով տեխնոլոգիահեն ուղղությամբ: Նրա խոսքով՝ ֆինանսական ծառայությունների թվային վերափոխումը Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է դարձել: ԿԲ նախագահը վստահեցրեց՝ կարողանում են նաև համապատասխան հենքեր ստեղծել թվային տնտեսության զարգացման համար, ակնկալում են համապատասխան մասնակցություն նաև մասնավոր ոլորտի կողմից։

«Հաջորդ կարևորագույն քայլը վերաբերում է վճարման և հաշվարկային ծառայությունների թվանշավորմանը՝ հիմք ընդունելով նորարականան լուծումները ծառայությունների որակը բարելավելու համար: Դա նոր թվային ֆինանսական ծառայությունների համար կստեղծի նոր էկոհամակարգ»,-ասաց Գալստյանը:

Նա հավելեց, որ աշխարհը լաբորատորիա է դառնում փորձարկումների համար, և այն ազգերը, որոնք բավարար համարձակություն կունենան այդ փորձն իրականացնելու, կստանան համապատասխան արգասիքը»,-եզրափակեց ԿԲ նախագահը:
Գագաթնաժողովն այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը։ Ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։
Կենտրոնական բանկը կանխատեսում է 5.4 տոկոս տնտեսական աճ