ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակության երկօրյա այցը Հայաստան արժեցել է շուրջ 688 000 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Այս գումարի սահմաններում են գնահատվել հոկտեմբերի 20-22-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամների կեցության և այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը։
Հրապարակված փաստաթղթի համաձայն` ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու նույն նախարարության պետական արարողակարգի ծառայությունը կռավարության ղեկավարին ներկայացրած իրենց հաշվետվություններում Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակության երկօրյա այցի ամբողջ ծախսը հենց 688 000 դրամ են գնահատել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` նշված գումարը հատկացվել է 2021 թվականի պետական բյուջեով «արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության» համար նախատեսված միջոցների հաշվին։
Հիշեցնենք` տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին հյուրընկալել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։