ՔՊ–ն որոշել է` Արթիկի քաղաքապետի թեկնածուն կլինի ՀՀԿ–ական Մխիթար Վարագյանը. «Հրապարակ»

Արթիկ
Ըստ թերթի` նախկինների օրոք ընտրված քաղաքապետը ՔՊ-ի սրտի թեկնածուն է դարձել երկու պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երկար փնտրտուքից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես կողմնորոշվել է Արթիկի քաղաքապետի թեկնածուի հարցում։ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրներն ասել են, որ ՔՊ-ականների ընտրությունը կանգ է առել գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանի վրա, որը համայնքը ղեկավարում է 2016թ.-ի նոյեմբերից։

«Բանն այն է, որ ՀՀԿ անդամ, նախկինների օրոք ընտրված քաղաքապետը նաև ՔՊ-ի սրտի թեկնածուն է դարձել երկու պատճառով։ Առաջինն այն է, որ հոկտեմբերի 17-ի ընտրությունները ՔՊ-ին մտածելու տեղիք են տվել, որ թեկնածուն պետք է լինի ուժեղ և տեղի բնակչության կողմից ընդունված: Երկրորդ` ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ Մխիթար Վարագյանի՝ Ղազախստանում ապրող գործարար, մեծահարուստ եղբայր Դավիթ Վարագյանը Նիկոլ Փաշինյանի սիրելի Հայկ Սարգսյանի` ԱԺ պատգամավորի, հարսանիքի քավորն է, իսկ ՔՊ-ականների համար «քավորը սրբություն է»` Հայկ Ղալումյանի օրինակով»,– գրում է թերթը։

Թեմայի շուրջ փորձել են զրուցել Մխիթար Վարագյանի հետ։ Նա նախ ասել է, որ իրեն հարմար չէ խոսել, իսկ հետո չի պատասխանել հեռախոսազանգերին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ նախնական տվյալների` Տաթև և Տեղ համայնքներում հաղթեց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը, Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։ Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: