ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ առողջապահության նախարարի աղմկահարույց որոշումից հետո Հայաստանում կորոնավիրուսի թեստերի պակասուրդ կա։
Ըստ պարբերականի` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում նոր սահմանափակող միջոցների ներդրումից հետո, համաձայն որոնց աշխատող քաղաքացիները պարտավոր են պատվաստվել կամ ամիսը 2 անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները, լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ ու հերթեր են։
«Թեստեր ներկրողներից մեկը հայտնել է, որ պակասուրդը երկրում արդեն զգացվում է, և չի բացառվում, որ գները կրկին կբարձրանան մինչև 20 հազար դրամ։ Քայլեր կձեռնարկի սրա դեմ կառավարությունը, թե ոչ, դժվար է ասել, քանի որ կառավարությունը համավարակի դեմ պայքարը տեսնում է միայն կոլեկտիվ պատվաստման միջոցով»,- գրում է թերթը։
Sputnik Արմենիայի թղթակիցը մեկնաբանությունների համար դիմեց 3 լաբորատորիա, որտեղ թեստավորումը համեմատաբար էժան է՝ 7 հազար դրամ, 8 հազար դրամ, 10 հազար դրամ:
3 լաբորատորիայում էլ ասացին, որ ոչ մի պակասուրդ չկա, և գները, ամենայն հավանականությամբ, կմնան անփոփոխ։
Նշենք, որ Հայաստանում զանգվածային պատվաստումների գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ին, մինչև տարեվերջ նախատեսվում է պատվաստել շուրջ 700 հազար բնակչի։
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ երկրի աշխատող քաղաքացիները պետք է պատվաստվեն կամ ՊՇՌ թեստի արդյունքը ներկայացնեն ամիսը 2 անգամ: Պատվաստումն իրականացվում է պոլիկլինիկաներում ամեն օր, առանց հանգստյան օրերի ՝ 10։00-16։00։ Ընթացակարգը անցնելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել ցանկացած պոլիկլինիկա և գրանցվել: Պատվաստումն անվճար է բոլորի համար, այդ թվում՝ օտարերկրացիների։