ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Գազպրոմը» շարունակում է գազի պահեստավորումը՝ օգտագործված ծավալները լրացնելու և պատմականորեն ռեկորդային օպերատիվ ռեզերվ ստեղծելու համար։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հաշվի առնելով Բելառուսի և Հայաստանի տարածքներում գտնվող գազի ստորգետնյա պահեստները՝ ռեզերվը կկազմի 73,824 մլրդ խորանարդ մետր գազ։
Նշվում է, որ գազամատակարարման միասնական համակարգի օբյեկտները պատրաստ են 2021թ․ վերջի և 2022թ․ սկզբի առավելագույն ծանրաբեռնվածության շրջանի անցմանը:
«Ընկերությունը նպատակ ունի հստակ կատարել առաջնային խնդիրը՝ ապահովել ռուսական և արտասահմանյան սպառողներին գազի մատակարարման բարձր հուսալիություն», - նշված է հաղորդագրության մեջ։
«Գազպրոմը» հայտնել է, որ 2021 թվականի ինն ու կես ամսում ընկերությունը արդյունահանել է 399,4 մլրդ խորանարդ մետր գազ (16,6 տոկոսով ավելի, քան 2020 թվականին):
Ներքին շուկայի մատակարարումներն ավելացվել են 16,6, իսկ հեռավոր արտասահմանյան երկրներ արտահանումը ՝ 13,1 տոկոսով (մինչև 152,2 մլրդ խորանարդ մետր):
Ընկերության համապատասխան ստորաբաժանումներին, դուստր ընկերություններին և «Գազպրոմի» կազմակերպություններին հանձնարարվել է սահմանված ժամկետներում ավարտել աշխատանքները, պատրաստ լինել աշնանային-ձմեռային շահագործմանը և ապահովել արտադրական հզորությունների հուսալի և անխափան աշխատանքը: