Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր․ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Աթենքում

Օրենսդիրի ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար միասնություն, համերաշխություն և գլոբալ գործընկերություն է պետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աթենքում ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ։
Նա առանձնակի կարևորել է ժողովուրդների՝ խաղաղ եւ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը: Շեշտել է՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում:

«Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարևանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության և գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»:

Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ խոսնակ
Նա հավելել է՝ Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ։ Նա ընդգծել է՝ մենք ապրում ենք մեծ ձևափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության և անվտանգության վրա, և երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ։
Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ և երկարատև կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Անվտանգության հարցերում օրենսդրի ղեկավարն ընդգծել է հարևանային քաղաքականության դերակատարությունը: