Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատը չի վերցնի. հայրն ասել է՝ ինչու

Առուշ Առուշանյանի հայրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ որդու բոլոր նախաձեռնությունները կապված են իր սիրելի ծննդավայր Գորիսի հետ։
Sputnik
Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատը չի վերցնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանի մանդատից հրաժարվելուց հետո հնարավոր է, որ դաշինքի հաջորդ համարը` Առուշ Առուշանյանը վերցնի իր հասանելիք մանդատը։
«Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց Գորիսի ՏԻՄ ընտրություններում
«Օրենսդիրն Առուշի տեղը չէ։ Նա իր տեսակով կառուցող մարդ է։ Առուշը շատ է սիրում մեր հող ու ջուրը։ Նրա առաքելությունը մեր համայնքը շենացնելն է։ Այդ մասին Առուշը սկսել է խոսել դեռ 16 տարեկանից։ Առուշի բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ուղղված են Գորիս համայնքի առաջընթացին, զարգացմանը և գորիսեցիների կյանքի որակի բարելավմանը»,- ասաց Առուշանյանը։
Գագիկ Առուշանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ որդին մի առիթով կես կատակ-կես լուրջ ասել է` Գորիսը պետք է դարձնենք փոքրիկ հայկական Մոնակո և համայնքապետ ընտրվելուց հետո հետամուտ է եղել իր այդ երազանքի իրականացմանը։
Առուշանյանի հաղթանակը ընտրություններում դեռ չի նշանակում, որ նրան պետք է կալանքից ազատեն
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն է արել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը։ Ցուցակում հաջորդը, որը պիտի զբաղեցնի պատգամավորի թափուր մանդատը, անցած կիրակի Գորիս համայնքի ՏԻՄ ընտրություններում վերընտրված Առուշ Առուշանյանն է, որն այժմ կալանավորված է։